Description
Ոչ տերյանական անձրեւ է մաղել տերյանական օրերի մասնակիցների գլխին: Ամենամյա տոնակատարությանը մեկնող պատվիրակության առջեւ խոչընդոտներ հարուցել են սկսած Վրաստանի սահմանից: Թիրախը դարձյալ պատգամավոր, Ջավախք հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն էր. այս անգամ եւս նրան թույլ չեն տվել մտնել Ջավախք` ծննդավայր Գանձա ուղեւորվելու համար: Ի դեպ նման պահվածքը կրկնվել է հակառակ այն բանի, որ այս հարցը Միխայիլ Սահակաշվիլու առջեւ բարձրացվել էր Հայաստան այցի ժամանակ:
Արտյուշա Շահբազյան, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության քարտուղար. "Գնալով Ջավախքում ճնշումներ են մեծանում, իրավունքներ են սահմանափակվում, սրա վերջը ինչ է լինելու: Պետք է խոսվի, պետք է ասվի: Եւ Հայաստանում եւ այնտեղ մարդիկ կան, որ փորձում են ծածկադմփոց անել, բայց պրոբլեմները ծածկադմփոց անելով չեն լուծվի":
Այս միջոցառմանը Վրաստանի իշխանությունների խտրական քաղաքականությունը արտահայտվեց նոր դրսեւորմամբ: Տոնի տեղական կազմակերպիչները` ելնելով ինչ-ինչ նկատառումներից, ելույթի հնարավորությունից զրկեցին Հայաստանի խորհրդարանի մեկ այլ պատգամավորի, ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանին:
Արտաշես Շահբազյան, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության քարտուղար. "Մարդիկ չուզեցին, որ Դաշնակցության ներկայացուցչի խոսք հնչի, որովհետեւ Դաշնակցությունը կխոսի եւ Ջավախքի խնդիրներից: Բայց 20 տարի Դաշնակցությունը ՀՀ-ում գործում է եւ արդեն ապացուցել ենք, որ ծայրահեղությանը կողմ չենք":
Վրացի որեւէ պետական, հասարակական ու մշակութային գործիչ տոնին չի մասնակցել, ինչպես եւ Ջիվանուն նվիրված տոնակատարությանը: Մինչդեռ Վահան Տերյանի գրականությունը արժեւորող միջոցառումը հին արմատներ ունի` անգամ ասում են Թումանյանը "Փարվանայի" նախերգանքը գրել է այստեղ:
Առուշան Հակոբյան, "Տերյան" մշակութային կենտրոնի ղեկավար. "Նայում եմ այս Գանձայի հիասքանչ սարերին, Աբուլին, Սուրբ Հովհաննես վանքին, որտեղ քանի անգամ Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը բարձրացել են եւ գիտեք, որ Փարվանայի նախերգանքը ծնվել է այստեղ 1901 թվականին, այս օրերին":
Ամբիոնից խոսել են հայ-վրացական իրական բարեկամության անհրաժեշտության մասին, կարեւորել Ջավախքում առկա ազգային, լեզվական, կրթամշակութային ու սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծումը, քննադատել Հայաստանի պատգամավորների հանդեպ Վրաստանի իշխանությունների անհարգալից վերաբերմունքը:
Teyan days in Javakhk. Some guests from Armenia, includinng members of the Armenian Perliament were not allowed by Georgian authorities to visit Gandza village in Javakhk (birthplace of Vahan Teryan) to participate in Teryan days.
Терьяновские дни в Джаваxке. Некоторым гостям из Армении, включая членам армянсконо Парламента, грузинскими властями не было дозволено посвтить село Гандза в Джаваxке (родное село Ваана Терьяна).